суббота, 17 июня 2017 г.

Վերնագրված «անվերնագրերի» շարքից

 Ամառային տոթն ազդում է ներսիդ հովացուցչի ջերմության վրա։Մի տեսակ ձանձրույթ ու անհետաքրքրություն ես նկատում ամեն արածումդ։Պատճառը բոլորի համար էլ տարբեր են.ոմանք սիրո ու սիրվելու կարիք են զգում,ոմանք՝երբեմնի սիրո կտրտանքներն են կպցնում,բայց ժապավեն չեն ստանում,մյուսներն էլ,ուղղակի «ուղղակիների» ետևից ընկած,չգիտեն՝կյանքից ինչ են ուզում,ինչ են երազում,ինչի համար են կոկորդ պատռելով բողոքում կամ էլ անտարբերությամբ շղարշում։
 Ամառային տոթն ինձ էլ է ձանձրացրել,իսկ ես «ոմանք»-ի,«ոմանց»-ի ու «մյուսներ»-ից մի քիչ գլուխ պահեմ ու առանձնանամ.ես չորրորդ տեսակ եմ՝բոլորից ծաղկաքաղված։Երբեմնի սիրառատ էջերը կպցրել եմ անտարբերությամբ չգրվածներին ու սպասում եմ,որ պատի վրա,լայն էկրաններով ցույց տամ,ցույց տամ ես էլ չգիտեմ՝ ինչ ու ինչու։Ջղայնությունից չի փրկում ո՛չ Ազնավուրը,ո՛չ Մանսուրյանը,ոչ էլ նույնիսկ Յու Սին Հյոյիս պատկեր դեմքը։Մի տեսակ ամեն ինչ մնացածի նման է.էլի մի պահոց գիրք,կենցաղային հարցեր,նույն տոնայնությամբ երաժշտություն ու ամենավատը՝ջազն ականջ է ցավեցնում։Ջղայնությունս սրբելու համար վազում եմ հայելուս մոտ։Չէ՛,էս անգամ շատ եմ «գյաջվելու»,թե չէ էլ մարդ չմնաց,որ չասի.
-Ոնց որ դպրոցական լինես,մի հատ իմիջդ փոխի,մի հատ քեզ մեծավարի պահի, ցույց տուր,որ ուսանողուհի ես,թե չէ  դեմքիդ կնայեմ ու կմտածեմ 14-ամյա գրքակեր դպրոցական ես։
 Չնայած միշտ վիճում եմ,երբ կոսմետիկ միջոցներից են խոսում,որ ես էլ ամեն ինչ անել գիտեմ,բայց ախր,ա՛յ մարդիկ,դուք չեք հասկանում,որ էս թշվառիս համար կյանքում զիզի-բիզիներից կարևոր շատ բաներ կա ու հնարավոր է,որ հարցնեք՝օրինակ բեր ու ես քարանամ,բայց ես զբաղված եմ,նույնիսկ,երբ ներսս լափում է տոթը կամ էլ մոծակի խայթոցից այտուցված թևս եղունգներով ճզմում եմ։Ես զբաղված եմ,նույնիսկ ձեր տված հարցերին պատասխանելիս,որովհետև մտքերս իմ աշխարհում են ու էդ աշխարհը մեռնեմ էլ,ձեր երկրային բառերով նկարագրել չեմ կարող,ես իմ աշխարհի բառերն ունեմ,որ,միգուցե,շատերիդ համար զվարճալի,բարկացնող,ձանձրալի են,բայց ինձ համար իմ երգն են՝նման ենթադրենք հին սլավոներենով բանաստեղծության՝չեն հասկացվում,բայց ծանոթ են ներսի։
 Բայց արի ու տես,որ այսօր իմ ներսի զբաղվածությունն էլ դատարկվել է ու ես կոսմետիկ հարդարանքի ոչ միայն ժամանակ,այլև ցանկություն ունեմ։
 Հանեցի քննադատող բարեկամներիս նվիրած քսուքները,մամայենց նվերներն ընդունվելու կապակցությամբ ու գնացինք...Գրիչն առաջին անգամ բռնողի թեթև ձեռքով «գծագրեցի» դեմքս,հետո հագա պահարանիս ամենածայրում կախած շրջազգեստը,որ վերջում էի կախել՝երբեք չհագնելու ու ծանոթներիցս մեկին նվիրելու մտադրությամբ,չնայած մայրս պնդում էր,որ իսկևիսկ ինձ համար է կարված,բայց ախր ես շրջազգեստների ժամանակ չունեմ է,ես զբաղված եմ...
 Եթե պարոն Ասլանյանս կողքիս լիներ,կասեր.«Ա՛յ բալա,վիճակդ տրագեդիկ է»,-հետո էլ ծիծաղելով կավելացներ,-«Ամեն դեպքու տրագեդիան էլ ա գրված մարդու համար,ուրեմն՝վիճակդ կայուն ծանր է»։(Է՜հ,ընկե՛ր Ասլանյան,որ տեսնեք,թե մեծ-մեծ խոսողս ո՜նց է ներսը լցնում)։
Հագա միակ բարձրակրունկներս,որ մայրս էր ստիպել գնել եղբորորդուս հարսանյաց երեկույթին հագնելու համար,որ էդպես էլ փաթեթավորված մինչ այս պահը գտնվում էր իմ անկողնու ներքևի ամենախորքերում,վերջին անգամ էլ նայեցի ինձ ու թռա դուրս՝չգիտեմ էլ՝ինչի համար։
 Մայրս խոհանոցում էր,երևի թավայում ճտճտացող ձեթն այդպես էլ չթողեց,որ վայելի իմ վազող ներկայությունը ու իմ իր ուզած տեսքը,չնկատեց էլ,որ դուռը ճռռալով փակվեց(Ա՜խ,այդ դուռը...Քանի-քանի անգամներ է դարձել մերոնց վիճաբանության առարկան,որ հայրս մի քիչ յուղ քսի արդեն իսկ ժանգոտված ճաղարանքներին,բայց հայրս էլ՝ինձ պես,զբաղված է...)։Հովսեփ պապը բակի տնկիներն է «խելքի պիրում»,որ «ծմռան ցրտերին տեմ կենան»(ի զարմանս ինձ՝ամառվա կեսից էս մարդն իր ամբողջ ժամանակը նվիրում էր ձմռան տնկիների պատրաստմանը).
-Ա՛յ աղջի,էս թո՞ռ կքաս(ու՞ր կգնաս)։
Պատասխանիս փոխարեն հիմարիկ ժպտում եմ.
-Կրմրտակալ ես,չինի՞ մետքդ փսկվիլի ա(կարմրել ես,չլինի՞ միտքդ ամուսնանալու է)։
-Էէ՜,Հովսեփ պա՛պ,խելացի մարդը կամուսնանա՞
-Դուզ ես ասում,Սոկրատն ասում ա՝ամեն դեպքում փսակվի,մեկ ա քշվիլու ես էրկու ձևում էլ։
Մի քիչ ծիծաղ ու վազեցինք՝չգիտեմ էլի՝ուր։
Ուր...Ուր...Ուր..
Կես ժամ չանցած՝ ես, հայելուս դիմաց կանգնած,մաքրում էի «գծագրածս» ու ամեն վայրկյան միտք անում,որ պետք չէ փոխվել հանուն ներսիդ դատարկության,որովհետև մեկ է,ոչինչ չի ստացվելու,այլ փոխարենը եսդ ես կորցնելու չեղածներիդ ու չստացվածներիդ մեջ։Վաղ,թե ուշ իսկական եսդ նորից իմաստ է փորփրելու ու գտնելու,բայց ոչ փոփոխությանդ մեջ։Բնավ...



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.