понедельник, 25 декабря 2017 г.

Գնացք, որը տարավ վերջին կայարան...Մաս13

 Անեի հետ նստեցինք մեքենաս ու սլացանք անորոշություն։ Անեն ամբողջ ճանապարհին լուռ էր, միայն երբեմն_երբեմն հոգոց էր հանում, մատներով սրբում չորացող արցունքները։ Ճանապարհի եզրին մի գեղեցիկ այգի էր ձգվում, արգելակեցի հենց դրա կողքին։ Անեն չէր իջնում։ Հայացքը հառել էր հորիզոնին, ոչինչ չէր խոսում։ Տեսա, որ տխրությունը գնալով հարազատանում է, որոշեցի երգել.
-Երբ աչքերը մեր տխրում են, պիտի խավարը ցրենք, երբ ձեռքերը մեր սառում են՝ իրար ամուր գրկենք, երբ երկինքը կմթագնի՝ լուսինը վառենք ու աստղերի կողքին արևամուտը տոնենք։
 Անեն հանկարծակիի եկավ, նայեց ինձ, զգում էի, որ ծիծաղը ուժով թաքցնում է.
_Եթե ուզում ես ծիծաղել, ծիծաղիր, ոչ ոք քեզ չի լսում այստեղ։
_Ռե՛ն, ի՞նչ ես գտել իմ մեջ, որ անընդհատ փորձում ես հանդիպել ինձ։
_Եթե դուրս գաս մեքենայից ու ինձ հետ գաս, խոստանում եմ, որ կպատասխանեմ։
 Անեն չհակառակվեց, իջավ մեքենայից, և քանի որ անասելի թույլ էր, նրան պարզեցի ձեռքս, որպեսզի հենվի և միասին քայլենք։Մի քիչ խորհելուց հետո բռնեց ձեռքս.
_Դու բարի սիրտ ունես,_ ասաց նա։
_Ինչի՞ց ենթադրեցիր։
_Ասում են, որ մարդիկ, ովքեր սառը ձեռքեր ունեն, նրանց սիրտն է տաք։
_Բայց ես համաձայն չեմ։
_Ինչու՞։
_Որովհետև քո ձեռքերը շա՜տ տաք են սրտիդ նման։
 Անեն ծիծաղեց։ Ես նորից սիրահարվեցի։
Այգին, որտեղ զբոսնում էինք, մոռացված վայր էր։ Դա զգացվում էր նստարանների հնությունից, չխնամված ցայտաղբյուրից, չմշակված ծառուղուց։ Բայց քանի որ վայրի բնության ժպիտը անցել էր այգով, այն աննկարագրելի գեղեցիկ էր իր
անկոկիկության մեջ։
_Հիանալի է, չէ՞, այգին։
_Ներդաշնակ է։
_Սիրու՞մ ես աշունը։
_Ո՛չ։
_Ինչու՞։
_Մայրս աշնանն է մահացել։
_Օ՜հ, կներես։
_Ամեն ինչ նորմալ է։
_Մի հարց կարո՞ղ եմ տալ։
_Ասա։
_Ինչու՞ էիր լացում։
_Որովհետև աշխարհում ոչինչ ինձ համար չէ ստեղծված։ Մայրս, ով պիտի ինձ համար մեծ հենասյուն լիներ, լքել է ինձ, իսկ հայրս, հայրս ամուսնանում է նրա մահվան օրը... Հրաշալի չէ՞


воскресенье, 18 июня 2017 г.

Մի անգամ...

Իգլեսիասը կոկորդ է պատռում Մարկո Անտոնիոյի հետ...Եղանակն այնքան էլ բարենպաստ չէ զբոսնելու,մի համով բան պատրաստելու,գունավոր շորեր հագնելու համար,իսկական քնելու եղանակ է։Նույնիսկ քամի էլ չկա...
Արդեն պառկել էի,երբ նկատեցի,որ հեռախոսիս անընդհատ հաղորդագրություններ են գալիս։Մեկ մտածեցի չպատասխանել,աչքերս փակել ու էլի երազել,մեկ էլ բա որ կարևոր բան լինի...
Ամեն դեպքում վերցրի հեռախոսս ու սկսեցի կարդալ.
-Բարև...
-Որքան ես փոխվել...
-Գիտես չէ՞,վերջին անգամ,երբ քեզ տեսել եմ,անվադողերով խաղի ժամանակն էր,չորս տարի առաջ...
-Հնարավոր է,որ ինձ չես էլ հիշում...
-Ուզում եմ ասել,որ եթե ցանկություն ունես հին բարեկամիդ տեսնելու համար,պատասխանիր հաղորդագրություններիս...
Այսքանով հաղորդագրություն գրելու հնարավորությունը սպառվել էր և հնարավոր կլիներ միայն իմ թույլտվությունից հետո։
Վերջին հաղորդագրությունից անցել է մոտ մեկ շաբաթ,ես լրիվ մոռացել էի դրա մասին։
-Ալո՞,Անե՞։
-Հա,հորքուր ջան։
-Ո՞նց ես,իմ աղջիկ։
-Դոլլարի կուրսի նման լավ,դու՞
-Ես էլ ռուբլու նման։Լավ նորություն ունեմ,Կարենենք Ամերիկայից գալիս են։
-Էդ ովքե՞ր են,հորքու՛ր։
-Չե՞ս հիշում,մանկությանդ ամենամոտ ընկերն էր,Անչկա՛։
-Հա՜,հիշեցի Արամիկենք։
-Հա,հա,հենց իրենք։
-Բա ես ի՞նչ կապ ունեմ։
-Մեր տուն կգան,հետո կգնան մարզ։
-Է՜,Լյուդմիլչկա,ես փաս,ես չկամ։
-Լավ,դե եթե ուզենաս,կմիանաս։
 Հորաքրոջս անգիր գիտեմ,եթե զանգել է ինձ,ուրեմն ամեն ձև տանելու է հանդիպման։
 Ես չէի էլ սխալվում։Հաջորդ առավոտյան հորաքույրս,իբրև թե պատահմամբ դրամապանակն ինձ մոտ էր թողել,խնդրեց տանել նրան,և քանի որ եղբայրս հակառակվեց ու չտարավ,ստիպված ամեն ինչ մնաց իմ ուսերին։Արագ պատրաստվեցի ու գնացի հորաքրոջս տուն,ուր արդեն Արամենց ընտանիքը կազմ-պատրաստ ինձ էր սպասում...
Շարունակելի

суббота, 17 июня 2017 г.

Վերնագրված «անվերնագրերի» շարքից

 Ամառային տոթն ազդում է ներսիդ հովացուցչի ջերմության վրա։Մի տեսակ ձանձրույթ ու անհետաքրքրություն ես նկատում ամեն արածումդ։Պատճառը բոլորի համար էլ տարբեր են.ոմանք սիրո ու սիրվելու կարիք են զգում,ոմանք՝երբեմնի սիրո կտրտանքներն են կպցնում,բայց ժապավեն չեն ստանում,մյուսներն էլ,ուղղակի «ուղղակիների» ետևից ընկած,չգիտեն՝կյանքից ինչ են ուզում,ինչ են երազում,ինչի համար են կոկորդ պատռելով բողոքում կամ էլ անտարբերությամբ շղարշում։
 Ամառային տոթն ինձ էլ է ձանձրացրել,իսկ ես «ոմանք»-ի,«ոմանց»-ի ու «մյուսներ»-ից մի քիչ գլուխ պահեմ ու առանձնանամ.ես չորրորդ տեսակ եմ՝բոլորից ծաղկաքաղված։Երբեմնի սիրառատ էջերը կպցրել եմ անտարբերությամբ չգրվածներին ու սպասում եմ,որ պատի վրա,լայն էկրաններով ցույց տամ,ցույց տամ ես էլ չգիտեմ՝ ինչ ու ինչու։Ջղայնությունից չի փրկում ո՛չ Ազնավուրը,ո՛չ Մանսուրյանը,ոչ էլ նույնիսկ Յու Սին Հյոյիս պատկեր դեմքը։Մի տեսակ ամեն ինչ մնացածի նման է.էլի մի պահոց գիրք,կենցաղային հարցեր,նույն տոնայնությամբ երաժշտություն ու ամենավատը՝ջազն ականջ է ցավեցնում։Ջղայնությունս սրբելու համար վազում եմ հայելուս մոտ։Չէ՛,էս անգամ շատ եմ «գյաջվելու»,թե չէ էլ մարդ չմնաց,որ չասի.
-Ոնց որ դպրոցական լինես,մի հատ իմիջդ փոխի,մի հատ քեզ մեծավարի պահի, ցույց տուր,որ ուսանողուհի ես,թե չէ  դեմքիդ կնայեմ ու կմտածեմ 14-ամյա գրքակեր դպրոցական ես։
 Չնայած միշտ վիճում եմ,երբ կոսմետիկ միջոցներից են խոսում,որ ես էլ ամեն ինչ անել գիտեմ,բայց ախր,ա՛յ մարդիկ,դուք չեք հասկանում,որ էս թշվառիս համար կյանքում զիզի-բիզիներից կարևոր շատ բաներ կա ու հնարավոր է,որ հարցնեք՝օրինակ բեր ու ես քարանամ,բայց ես զբաղված եմ,նույնիսկ,երբ ներսս լափում է տոթը կամ էլ մոծակի խայթոցից այտուցված թևս եղունգներով ճզմում եմ։Ես զբաղված եմ,նույնիսկ ձեր տված հարցերին պատասխանելիս,որովհետև մտքերս իմ աշխարհում են ու էդ աշխարհը մեռնեմ էլ,ձեր երկրային բառերով նկարագրել չեմ կարող,ես իմ աշխարհի բառերն ունեմ,որ,միգուցե,շատերիդ համար զվարճալի,բարկացնող,ձանձրալի են,բայց ինձ համար իմ երգն են՝նման ենթադրենք հին սլավոներենով բանաստեղծության՝չեն հասկացվում,բայց ծանոթ են ներսի։
 Բայց արի ու տես,որ այսօր իմ ներսի զբաղվածությունն էլ դատարկվել է ու ես կոսմետիկ հարդարանքի ոչ միայն ժամանակ,այլև ցանկություն ունեմ։
 Հանեցի քննադատող բարեկամներիս նվիրած քսուքները,մամայենց նվերներն ընդունվելու կապակցությամբ ու գնացինք...Գրիչն առաջին անգամ բռնողի թեթև ձեռքով «գծագրեցի» դեմքս,հետո հագա պահարանիս ամենածայրում կախած շրջազգեստը,որ վերջում էի կախել՝երբեք չհագնելու ու ծանոթներիցս մեկին նվիրելու մտադրությամբ,չնայած մայրս պնդում էր,որ իսկևիսկ ինձ համար է կարված,բայց ախր ես շրջազգեստների ժամանակ չունեմ է,ես զբաղված եմ...
 Եթե պարոն Ասլանյանս կողքիս լիներ,կասեր.«Ա՛յ բալա,վիճակդ տրագեդիկ է»,-հետո էլ ծիծաղելով կավելացներ,-«Ամեն դեպքու տրագեդիան էլ ա գրված մարդու համար,ուրեմն՝վիճակդ կայուն ծանր է»։(Է՜հ,ընկե՛ր Ասլանյան,որ տեսնեք,թե մեծ-մեծ խոսողս ո՜նց է ներսը լցնում)։
Հագա միակ բարձրակրունկներս,որ մայրս էր ստիպել գնել եղբորորդուս հարսանյաց երեկույթին հագնելու համար,որ էդպես էլ փաթեթավորված մինչ այս պահը գտնվում էր իմ անկողնու ներքևի ամենախորքերում,վերջին անգամ էլ նայեցի ինձ ու թռա դուրս՝չգիտեմ էլ՝ինչի համար։
 Մայրս խոհանոցում էր,երևի թավայում ճտճտացող ձեթն այդպես էլ չթողեց,որ վայելի իմ վազող ներկայությունը ու իմ իր ուզած տեսքը,չնկատեց էլ,որ դուռը ճռռալով փակվեց(Ա՜խ,այդ դուռը...Քանի-քանի անգամներ է դարձել մերոնց վիճաբանության առարկան,որ հայրս մի քիչ յուղ քսի արդեն իսկ ժանգոտված ճաղարանքներին,բայց հայրս էլ՝ինձ պես,զբաղված է...)։Հովսեփ պապը բակի տնկիներն է «խելքի պիրում»,որ «ծմռան ցրտերին տեմ կենան»(ի զարմանս ինձ՝ամառվա կեսից էս մարդն իր ամբողջ ժամանակը նվիրում էր ձմռան տնկիների պատրաստմանը).
-Ա՛յ աղջի,էս թո՞ռ կքաս(ու՞ր կգնաս)։
Պատասխանիս փոխարեն հիմարիկ ժպտում եմ.
-Կրմրտակալ ես,չինի՞ մետքդ փսկվիլի ա(կարմրել ես,չլինի՞ միտքդ ամուսնանալու է)։
-Էէ՜,Հովսեփ պա՛պ,խելացի մարդը կամուսնանա՞
-Դուզ ես ասում,Սոկրատն ասում ա՝ամեն դեպքում փսակվի,մեկ ա քշվիլու ես էրկու ձևում էլ։
Մի քիչ ծիծաղ ու վազեցինք՝չգիտեմ էլի՝ուր։
Ուր...Ուր...Ուր..
Կես ժամ չանցած՝ ես, հայելուս դիմաց կանգնած,մաքրում էի «գծագրածս» ու ամեն վայրկյան միտք անում,որ պետք չէ փոխվել հանուն ներսիդ դատարկության,որովհետև մեկ է,ոչինչ չի ստացվելու,այլ փոխարենը եսդ ես կորցնելու չեղածներիդ ու չստացվածներիդ մեջ։Վաղ,թե ուշ իսկական եսդ նորից իմաստ է փորփրելու ու գտնելու,բայց ոչ փոփոխությանդ մեջ։Բնավ...



вторник, 4 апреля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 12

Մենք պայմանավորվեցինք,որ կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի,դասերից հետո։Իմ ուրախությունն ու շփոթմունքն ինձ խանգարեցին մտածել ու գոնե նրա հեռախոսահամարը վերցնել։Բայց ինչևէ՝ես վստահում եմ նրան։
Մինչև չորեքշաբթի ես բացարձակապես չապրեցի,ոչինչ չէր օգնում ցրվել ու ժամանակն արագ առաջ տալ։Եթե ես առաջ խնդրում էի,որ ժամանակը կանգ առնի,ապա հիմա աղերսում էի,որ օր առաջ շուտ անցնի։Ամենուր նա էր ու իր ջերմ հայացքը։
Ծանոթներս ասում էին,որ ես ինձ նման չեմ,նիհարել եկ ու էլ ավելի գեղեցկացել։Իսկապես սերը գեղեցկացնում է նույնիսկ ժայռի բերանում բուսնած մոլախոտին։Իսկ իմ սերը…իմ սերն իմ ապրելու միակ փափագն էր։
________________________________________________________

Վերջապես բաղձալի պահն էր։Զանգի հնչելուն պես ես ցատկեցի լսարանից ու խելագարի նման վազում էի հանդիպման վայր։Երբ մտա պուրակ,ուր պետք է հանդիպեինք,նկատեցի,որ քսան րոպե շուտ եմ եկել որոշված ժամանակից։
Հինգ րոպե…տաս րոպե…հանդիպման ժամանակ…ևս քսան րոպե(դե աղջիկ է,կարող է ուշանալ)…կես ժամ…մեկ ժամ(չէ,նա չկա)։Ինչու՞ պետք է գա,ես ուղղակի անծանոթ եմ,ով փչացրել է իր երկու հագուստները։Բայց նա,ախր նա խոստացել էր…Դեհ,ինչ արած,պետք է հաշտվել ու վերադառնալ տուն։Հեռախոսս զանգահարեց։Ջոնն էր.
-Հը՞ն,ախպերս,աղունիկդ եկա՞վ։
-Չէ։Ջոն,հետո կխոսենք։
-Աաա,ես ասում էի չէ՞։Ձանձրալի արարած։
-Ջոն,կատակելու տրամադրություն չունեմ,վերադառնում եմ տուն։
Վերջին բառիս հետ թփերի հակառակ կողմից անհանգիստ շնչառության ձայներ լսեցի,այնպիսին,ինչպիսին մարդն ունենում է,երբ վախենուկ կամ արտասվում է։
Որոշեցի ուշադրություն չդարձնել,ուղղակի վերադառնալ տուն,բայց…Չէ,չեմ կարող։
Քայլեցի թփի մյուս կողմը։Հեռվից նշմարվում էր փոքրիկ,քիչ ավելի մոտ երիտասարդի կազմվածք,մի քիչ էլ մոտ…Անեն է՝գլուխը գրկած ձեռքերի մեջ ու նստած խոնավ սաղարթի վրա։Լալի՞ս է,թե՞ թաքնվել է ինձնից։
-Անե՞։
Առանց գլուխը բարձրացնելու հնչեց սառը պատասխանը.
-Գնացե՛ք,խնդրում եմ։
-Անե՛,ի՞նչ է պատահել։ Ինչպե՞ս կարող եմ գնալ ու քեզ մենակ թողնել։
-Ես ի վիճակի չեմ կարամել համտեսել,ներեցեք,մեկ ուրիշ անգամ։
-Լավ,չենք համտեսի,բայց խնդրում եմ՝հանգստացեք ու պատմեք՝ի՞նչ է պատահել։
Երկար լռություն տիրեց....
-Կտանե՞ք ինձ հեռու այստեղից։
Հարցն ինձ անակնկալի բերեց։
-Ու՞ր։
-Այնտեղ,ուր ոչ ոք չկա…

понедельник, 3 апреля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 11

Ես նորից սիրահարվեցի նրան։Բաց դեղին զգեստն ու թեթև,ալեխառն մազերը,անբիծ ու պարզ ժպիտը,աչքերի հանդարտ հայացքը,նուրբ մատները…Ամեն ինչ կարծես գծագրած լիներ քանոնի օգնությամբ.ոչ մի ավելորդություն։
Նա լուռ մաքրում էր <<ավերակս>>,իսկ ես շփոթահար նայում էի նրան։Սրտիս մեջ անծանոթ զգացում կար,այնպիսին,ինչպիսին երբեք չեմ զգացել։Ձեռքիս թեթևակի հարվածներ էի զգում,բայց կատարյալ նիրվանայից դուրս գալ չէի ուզում,անտեսում էի հարվածները,մինչև սթափեցնող ձայնը <<օգնության հասավ>>։
-Ռե՜ն,միգուցե օգնես աղջկան։
Ես ավելի այլալվեցի,նման էի ամռան շոգերում հասունացած բազուկի։Ձեռքս արագ տարա գրպանս,փնտրում էի թաշկինակս,սակայն չէի գտնում։Ջոնն առաջ նետվեց,սիրալիր հանես ծոցագրպանից թաշկինակն ու պարզեց Անեին։Օրիորդը մեղմ ժպտած,թեթև շնորհակալություն հայտնեց ու սկսեց եռանդով մաքրել կուտակվածը։Ես կյանքիս մեջ առաջին անգամ ատեցի Ջոնին,որը հետագայում ինձ տանջեց օրեր ու տարիներ։
-Կներեք անփութության համար,-երկար լռությունը խախտեցի ես՝մտածելով,որ այս անգամ էլ կկորցնեմ նրան ու վտանգ կար,որ ընդմիշտ։
-Ամեն ինչ կարգին է,բոլորիս հետ էլ կարող է պատահել,մի վշտացեք։
-Բայց այս էլ երկրորդ անգամ։
-Փաստորեն <<Կարամե՞լը>>։
-Ճիշտ և ճիշտ,<<Կարամելը>>։
-Դուք երևի չեք հավանում իմ զգեստները,-ժպտալով ասաց նա։
-Չէ,ի՞նչ եք խոսում։Ընդհակառակը,կարող եմ պնդել,որ Դուք նկատելի եք ներկաներիս բոլորի մեջ,իսկ Ձեր հագուստը Ձեզ արտակարգ սազում է։
-Շնորհակալ եմ,բայց երևի հենց դրա պատճառով էլ թափեցիք ինձ վրա։
-Ոչ։Ճակատագրի թեթև ձեռքով ես դարձա կանացի շորերի <<մեղսունակը>>։Բայց եթե հնարավորություն լիներ,կշտկեի վրիպակը։
-Ամեն ինչ նորմալ է։Կյանքն առանց շտկումների էլ հոյակապ է,ճի՞շտ չեմ։
-Բայց չի կարելի թողնել առանց շտկելու։Հիշու՞մ եք՝ես Ձեզ կարամել պետք է հյուրասիրեի։Հարմար առի՞թ չէ։
Նա փոքրիկ ժպտաց ու երկար համոզումներից հետո համաձայնվեց ինձ հետ կարամել համտեսելու գնալ,բայց ոչ այսօր։
Պատկերը հետաձգվեց։Ես երջանիկ եմ…

пятница, 24 февраля 2017 г.

Լցրու բաժակս,ես հարբել եմ ուզում

Դու էլի այստեղ ես՝իմ հուշերում,իմ մեջ։Ու թե եկել ես՞նստի՛ր,ուղղակի կանգնած ես մի տեսակ ինձ անհարմար եմ զգում։Բայց դիմացս չնստես,ես վախենում են քո աչքերից ու նրանց սառնությունից։Զինվորականի համազգեստդ շատ է սազում։Դեմքդ էլ ավելի է լրջացել(կարոտել էի)։Կբողոքես,որ հուշ ես,բայց չգիտե՞ս,որ հենց հուշերին են կարոտում։Չժպտա՛ս,ես էլի կսիրահարվեմ ժպիտիդ։Տխուր եմ… Գիտե՞ս,չէ՞՝ես միայն տխրում եմ այն ժամանակ,երբ հիշում եմ քեզ հետ կապված երջանիկ հիշողությունները։Դրանք ինձ ցավեցնում են։Ոչինչ չի փոխվել։Դու էլ ես նույնը,միայն աչքերիդ սառնությունից հոգիս է մրսում։Իսկ առաջ…Առաջ նրանք միայն փայլում էին ինձ տեսնելիս,տեսնում,տեսնում էին միայն ինձ,իսկ այսօ՞ր…Այսօր էլ,վաղն էլ նրանք կսկսեն փայլել ուրիշի համար։
 Անցավ մեկ ամիս… 😞😞😞

суббота, 11 февраля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 10

Վերջապես զանգը հնչեց։Դասամիջոց ու ուսանողական ճաշարանից օգտվելու իսկական ժամանակ։Ես հոգնել եմ։Որերրորդ օրն է,որ չեմ քնում,արդեն չեմ հիշում։
-Ընկերս,սպասե՞մ,թե՞ գնամ։
-Թող ծրարս հավաքեմ,միասին կիջնենք։
-Ասում են մեր <<Լեզվաբանները>> շատ սիրուն են,ի՞նչ կասես,չիջնե՞նք հետազոտության։
-Ջոն,էլի սկսե՞ցիր։
-Դե լա՜վ,գոնե ընկերակցիր։Թե՞ Անեիդ հավատարիմ ես մնում։
-Այդպիսի բան չկա։Հիմար-հիմար մի խոսիր։
-Ուրեմն պատճառը ո՞րն է,որ չես ուզում գալ։
-Կգամ։
Ես հույսս կորցրել էի։Արդեն անցել է ուղիղ չորս ամիս,բայց այդ աղջիկը չկա ու չկա։Իսկ ես հիմարի պես սպասում եմ նրան։Միգու՞ցե ժամանակն է նրան մոռանալու։Ամեն դեպքում որոշեցի ընկերոջս հետ գնալ։
Ուսանողական ճաշարանը ինչպես միշտ լիքն էր երթուղայինների նման։Եթե ասեղ գցեիր,ասեղդ կմնար օդում։Ջոնն իր բնավորության համաձայն բոլորին հրելով առաջացավ ու քանի որ գեղեցիկ էր և՛ լեզվով,և՛ դիմագծերով ու խոհարարուհու <<ապագա փեսան>> էր,իր պատվերներն ամենաառաջինն էին ընդունվում։Իսկ սեղան զբաղեցնելը թողնվում էր ինձ,որը պատվեր ընդունելուն չէր զիջում իր դժվարությամբ։Այս անգամ էլ ազատ սեղան չկար ու ես պիտի էլի ինչ-որ մեկին <<բարեխոսեի>>՝սեղանը իըար հետ կիսելու համար։Մոտեցա առաջին սեղանին,մերժում ստացա,երկրորդին,էլի մերժում,երրորդին,չորրորդին…չէ՛,երևի այս անգամ մենք կանգնած ճաշենք։Ջոնը եկավ գազազած աչքերով։Մինչև տեղ հասնելն արդեն գիտեի՝ինչ է ասելու։Երբ տեղ հասավ,միասին կրկնեցին ու ծիծաղեցինք։
-Դե լավ,արագացրու,կեր,որ գնանք <<Լեզվականների>>մոտ։Էսօր մագնիսական դաշտս ավելի ուժեղ է։
-Ջո՞ն,այ Ջո՞ն։
-Հը՞ն,ախպերս։
-Հենց մեծացար,քեզ համար տուն եմ առնելու։
-Ուրեմն ես անտուն մնացի։
-Ինչի՞։
-Ես քեզնից շուտ եմ մեռնելու,բայց երիտասարդ։
Ջոնն իմ ամենամոտ ընկերն է։Իրար գիտենք դեռ այն իրերից,երբ ընտանիքով տեղափոխվեցին մեզ մոտ՝Քոլն։Ես նրան գտա աղբամանի մոտ լացելիս։Իսկ նրան տան ուղությամբ սպանված մարդիկ էին ու շատ արյուն։Նրա ծնողներն էին։Նրան սպանել էին Ջոնի աչքերի առաջ։Հայրը նարկոմանիայի գործով էր զբաղվում։Երևի դրա համար էլ սպանեցին։Ես այդ ժամանակ նրա պես յոթ տարեկան էի,բայց այդ պատկերն աչքերիս առջև է մինչև այսօր։Նրան տարան մանկատուն։Իսկ ես նոպաների մեջ էի։Հետո հկոմայի մեջ էի։Իսկ երբ արթնացա,առաջին բառս նրա անունն էր՝Ջոն։Ես միայն դա էի հասցրել իմանալ նրանից։
-Մամ,Ջոնն իմ կարիքն ունի,խնդրում եմ՝գտեք նրան։
Հայր ու մայրս սկսեցի որոնումները։Մեկ ամիս հետո նրան գտան մանկատներից մեկում՝փակված իր մեջ։Ասում էին,որ այսքան ժամանամ նա ոչինչ չի կերել ու ոչ մի բառ չի ասել,միայն երազում զառանցելիս երկու անուն է կրկնում՝Ժանե,Ռեն։
Ծնողներս որդեգրեցին նրան։Երբ բերեցին ինձ մոտ,նա վազելով փարվեց ինձ ու մենք երկուսով սկսեցինք լացել…հետո խաղալ,հետո կռվել,դպրոցում սովորել,հասանք մինչև համալսարան։Ծնողներս իրենց երեխայի պես սիրեցին ու ընդունեցին նրան։Աստիճանաբար անցյալում մնաց նրա մղձավանջները։Ու նա դարձավ իմ միակ եղբայր-ընկերը։
-Դե ի՞նչ,գնա՞նք։
-Բայց ես…
Ես շրջվեցի արագ,իսկ ձեռքիս հյութն ինձնից արագ։Թափվեց։Թափվեց աղջկա վրա։Ես վախից աչքերս փակել էի,սպասում էի քննադատության,բայց…լռությո՞ւն։Աղջիկ ու լռությու՞ն։Բացեցի աչքերս։Անհավանական է։Անե՞