понедельник, 25 декабря 2017 г.

Գնացք, որը տարավ վերջին կայարան...Մաս13

 Անեի հետ նստեցինք մեքենաս ու սլացանք անորոշություն։ Անեն ամբողջ ճանապարհին լուռ էր, միայն երբեմն_երբեմն հոգոց էր հանում, մատներով սրբում չորացող արցունքները։ Ճանապարհի եզրին մի գեղեցիկ այգի էր ձգվում, արգելակեցի հենց դրա կողքին։ Անեն չէր իջնում։ Հայացքը հառել էր հորիզոնին, ոչինչ չէր խոսում։ Տեսա, որ տխրությունը գնալով հարազատանում է, որոշեցի երգել.
-Երբ աչքերը մեր տխրում են, պիտի խավարը ցրենք, երբ ձեռքերը մեր սառում են՝ իրար ամուր գրկենք, երբ երկինքը կմթագնի՝ լուսինը վառենք ու աստղերի կողքին արևամուտը տոնենք։
 Անեն հանկարծակիի եկավ, նայեց ինձ, զգում էի, որ ծիծաղը ուժով թաքցնում է.
_Եթե ուզում ես ծիծաղել, ծիծաղիր, ոչ ոք քեզ չի լսում այստեղ։
_Ռե՛ն, ի՞նչ ես գտել իմ մեջ, որ անընդհատ փորձում ես հանդիպել ինձ։
_Եթե դուրս գաս մեքենայից ու ինձ հետ գաս, խոստանում եմ, որ կպատասխանեմ։
 Անեն չհակառակվեց, իջավ մեքենայից, և քանի որ անասելի թույլ էր, նրան պարզեցի ձեռքս, որպեսզի հենվի և միասին քայլենք։Մի քիչ խորհելուց հետո բռնեց ձեռքս.
_Դու բարի սիրտ ունես,_ ասաց նա։
_Ինչի՞ց ենթադրեցիր։
_Ասում են, որ մարդիկ, ովքեր սառը ձեռքեր ունեն, նրանց սիրտն է տաք։
_Բայց ես համաձայն չեմ։
_Ինչու՞։
_Որովհետև քո ձեռքերը շա՜տ տաք են սրտիդ նման։
 Անեն ծիծաղեց։ Ես նորից սիրահարվեցի։
Այգին, որտեղ զբոսնում էինք, մոռացված վայր էր։ Դա զգացվում էր նստարանների հնությունից, չխնամված ցայտաղբյուրից, չմշակված ծառուղուց։ Բայց քանի որ վայրի բնության ժպիտը անցել էր այգով, այն աննկարագրելի գեղեցիկ էր իր
անկոկիկության մեջ։
_Հիանալի է, չէ՞, այգին։
_Ներդաշնակ է։
_Սիրու՞մ ես աշունը։
_Ո՛չ։
_Ինչու՞։
_Մայրս աշնանն է մահացել։
_Օ՜հ, կներես։
_Ամեն ինչ նորմալ է։
_Մի հարց կարո՞ղ եմ տալ։
_Ասա։
_Ինչու՞ էիր լացում։
_Որովհետև աշխարհում ոչինչ ինձ համար չէ ստեղծված։ Մայրս, ով պիտի ինձ համար մեծ հենասյուն լիներ, լքել է ինձ, իսկ հայրս, հայրս ամուսնանում է նրա մահվան օրը... Հրաշալի չէ՞


воскресенье, 18 июня 2017 г.

Մի անգամ...

Իգլեսիասը կոկորդ է պատռում Մարկո Անտոնիոյի հետ...Եղանակն այնքան էլ բարենպաստ չէ զբոսնելու,մի համով բան պատրաստելու,գունավոր շորեր հագնելու համար,իսկական քնելու եղանակ է։Նույնիսկ քամի էլ չկա...
Արդեն պառկել էի,երբ նկատեցի,որ հեռախոսիս անընդհատ հաղորդագրություններ են գալիս։Մեկ մտածեցի չպատասխանել,աչքերս փակել ու էլի երազել,մեկ էլ բա որ կարևոր բան լինի...
Ամեն դեպքում վերցրի հեռախոսս ու սկսեցի կարդալ.
-Բարև...
-Որքան ես փոխվել...
-Գիտես չէ՞,վերջին անգամ,երբ քեզ տեսել եմ,անվադողերով խաղի ժամանակն էր,չորս տարի առաջ...
-Հնարավոր է,որ ինձ չես էլ հիշում...
-Ուզում եմ ասել,որ եթե ցանկություն ունես հին բարեկամիդ տեսնելու համար,պատասխանիր հաղորդագրություններիս...
Այսքանով հաղորդագրություն գրելու հնարավորությունը սպառվել էր և հնարավոր կլիներ միայն իմ թույլտվությունից հետո։
Վերջին հաղորդագրությունից անցել է մոտ մեկ շաբաթ,ես լրիվ մոռացել էի դրա մասին։
-Ալո՞,Անե՞։
-Հա,հորքուր ջան։
-Ո՞նց ես,իմ աղջիկ։
-Դոլլարի կուրսի նման լավ,դու՞
-Ես էլ ռուբլու նման։Լավ նորություն ունեմ,Կարենենք Ամերիկայից գալիս են։
-Էդ ովքե՞ր են,հորքու՛ր։
-Չե՞ս հիշում,մանկությանդ ամենամոտ ընկերն էր,Անչկա՛։
-Հա՜,հիշեցի Արամիկենք։
-Հա,հա,հենց իրենք։
-Բա ես ի՞նչ կապ ունեմ։
-Մեր տուն կգան,հետո կգնան մարզ։
-Է՜,Լյուդմիլչկա,ես փաս,ես չկամ։
-Լավ,դե եթե ուզենաս,կմիանաս։
 Հորաքրոջս անգիր գիտեմ,եթե զանգել է ինձ,ուրեմն ամեն ձև տանելու է հանդիպման։
 Ես չէի էլ սխալվում։Հաջորդ առավոտյան հորաքույրս,իբրև թե պատահմամբ դրամապանակն ինձ մոտ էր թողել,խնդրեց տանել նրան,և քանի որ եղբայրս հակառակվեց ու չտարավ,ստիպված ամեն ինչ մնաց իմ ուսերին։Արագ պատրաստվեցի ու գնացի հորաքրոջս տուն,ուր արդեն Արամենց ընտանիքը կազմ-պատրաստ ինձ էր սպասում...
Շարունակելի

суббота, 17 июня 2017 г.

Վերնագրված «անվերնագրերի» շարքից

 Ամառային տոթն ազդում է ներսիդ հովացուցչի ջերմության վրա։Մի տեսակ ձանձրույթ ու անհետաքրքրություն ես նկատում ամեն արածումդ։Պատճառը բոլորի համար էլ տարբեր են.ոմանք սիրո ու սիրվելու կարիք են զգում,ոմանք՝երբեմնի սիրո կտրտանքներն են կպցնում,բայց ժապավեն չեն ստանում,մյուսներն էլ,ուղղակի «ուղղակիների» ետևից ընկած,չգիտեն՝կյանքից ինչ են ուզում,ինչ են երազում,ինչի համար են կոկորդ պատռելով բողոքում կամ էլ անտարբերությամբ շղարշում։
 Ամառային տոթն ինձ էլ է ձանձրացրել,իսկ ես «ոմանք»-ի,«ոմանց»-ի ու «մյուսներ»-ից մի քիչ գլուխ պահեմ ու առանձնանամ.ես չորրորդ տեսակ եմ՝բոլորից ծաղկաքաղված։Երբեմնի սիրառատ էջերը կպցրել եմ անտարբերությամբ չգրվածներին ու սպասում եմ,որ պատի վրա,լայն էկրաններով ցույց տամ,ցույց տամ ես էլ չգիտեմ՝ ինչ ու ինչու։Ջղայնությունից չի փրկում ո՛չ Ազնավուրը,ո՛չ Մանսուրյանը,ոչ էլ նույնիսկ Յու Սին Հյոյիս պատկեր դեմքը։Մի տեսակ ամեն ինչ մնացածի նման է.էլի մի պահոց գիրք,կենցաղային հարցեր,նույն տոնայնությամբ երաժշտություն ու ամենավատը՝ջազն ականջ է ցավեցնում։Ջղայնությունս սրբելու համար վազում եմ հայելուս մոտ։Չէ՛,էս անգամ շատ եմ «գյաջվելու»,թե չէ էլ մարդ չմնաց,որ չասի.
-Ոնց որ դպրոցական լինես,մի հատ իմիջդ փոխի,մի հատ քեզ մեծավարի պահի, ցույց տուր,որ ուսանողուհի ես,թե չէ  դեմքիդ կնայեմ ու կմտածեմ 14-ամյա գրքակեր դպրոցական ես։
 Չնայած միշտ վիճում եմ,երբ կոսմետիկ միջոցներից են խոսում,որ ես էլ ամեն ինչ անել գիտեմ,բայց ախր,ա՛յ մարդիկ,դուք չեք հասկանում,որ էս թշվառիս համար կյանքում զիզի-բիզիներից կարևոր շատ բաներ կա ու հնարավոր է,որ հարցնեք՝օրինակ բեր ու ես քարանամ,բայց ես զբաղված եմ,նույնիսկ,երբ ներսս լափում է տոթը կամ էլ մոծակի խայթոցից այտուցված թևս եղունգներով ճզմում եմ։Ես զբաղված եմ,նույնիսկ ձեր տված հարցերին պատասխանելիս,որովհետև մտքերս իմ աշխարհում են ու էդ աշխարհը մեռնեմ էլ,ձեր երկրային բառերով նկարագրել չեմ կարող,ես իմ աշխարհի բառերն ունեմ,որ,միգուցե,շատերիդ համար զվարճալի,բարկացնող,ձանձրալի են,բայց ինձ համար իմ երգն են՝նման ենթադրենք հին սլավոներենով բանաստեղծության՝չեն հասկացվում,բայց ծանոթ են ներսի։
 Բայց արի ու տես,որ այսօր իմ ներսի զբաղվածությունն էլ դատարկվել է ու ես կոսմետիկ հարդարանքի ոչ միայն ժամանակ,այլև ցանկություն ունեմ։
 Հանեցի քննադատող բարեկամներիս նվիրած քսուքները,մամայենց նվերներն ընդունվելու կապակցությամբ ու գնացինք...Գրիչն առաջին անգամ բռնողի թեթև ձեռքով «գծագրեցի» դեմքս,հետո հագա պահարանիս ամենածայրում կախած շրջազգեստը,որ վերջում էի կախել՝երբեք չհագնելու ու ծանոթներիցս մեկին նվիրելու մտադրությամբ,չնայած մայրս պնդում էր,որ իսկևիսկ ինձ համար է կարված,բայց ախր ես շրջազգեստների ժամանակ չունեմ է,ես զբաղված եմ...
 Եթե պարոն Ասլանյանս կողքիս լիներ,կասեր.«Ա՛յ բալա,վիճակդ տրագեդիկ է»,-հետո էլ ծիծաղելով կավելացներ,-«Ամեն դեպքու տրագեդիան էլ ա գրված մարդու համար,ուրեմն՝վիճակդ կայուն ծանր է»։(Է՜հ,ընկե՛ր Ասլանյան,որ տեսնեք,թե մեծ-մեծ խոսողս ո՜նց է ներսը լցնում)։
Հագա միակ բարձրակրունկներս,որ մայրս էր ստիպել գնել եղբորորդուս հարսանյաց երեկույթին հագնելու համար,որ էդպես էլ փաթեթավորված մինչ այս պահը գտնվում էր իմ անկողնու ներքևի ամենախորքերում,վերջին անգամ էլ նայեցի ինձ ու թռա դուրս՝չգիտեմ էլ՝ինչի համար։
 Մայրս խոհանոցում էր,երևի թավայում ճտճտացող ձեթն այդպես էլ չթողեց,որ վայելի իմ վազող ներկայությունը ու իմ իր ուզած տեսքը,չնկատեց էլ,որ դուռը ճռռալով փակվեց(Ա՜խ,այդ դուռը...Քանի-քանի անգամներ է դարձել մերոնց վիճաբանության առարկան,որ հայրս մի քիչ յուղ քսի արդեն իսկ ժանգոտված ճաղարանքներին,բայց հայրս էլ՝ինձ պես,զբաղված է...)։Հովսեփ պապը բակի տնկիներն է «խելքի պիրում»,որ «ծմռան ցրտերին տեմ կենան»(ի զարմանս ինձ՝ամառվա կեսից էս մարդն իր ամբողջ ժամանակը նվիրում էր ձմռան տնկիների պատրաստմանը).
-Ա՛յ աղջի,էս թո՞ռ կքաս(ու՞ր կգնաս)։
Պատասխանիս փոխարեն հիմարիկ ժպտում եմ.
-Կրմրտակալ ես,չինի՞ մետքդ փսկվիլի ա(կարմրել ես,չլինի՞ միտքդ ամուսնանալու է)։
-Էէ՜,Հովսեփ պա՛պ,խելացի մարդը կամուսնանա՞
-Դուզ ես ասում,Սոկրատն ասում ա՝ամեն դեպքում փսակվի,մեկ ա քշվիլու ես էրկու ձևում էլ։
Մի քիչ ծիծաղ ու վազեցինք՝չգիտեմ էլի՝ուր։
Ուր...Ուր...Ուր..
Կես ժամ չանցած՝ ես, հայելուս դիմաց կանգնած,մաքրում էի «գծագրածս» ու ամեն վայրկյան միտք անում,որ պետք չէ փոխվել հանուն ներսիդ դատարկության,որովհետև մեկ է,ոչինչ չի ստացվելու,այլ փոխարենը եսդ ես կորցնելու չեղածներիդ ու չստացվածներիդ մեջ։Վաղ,թե ուշ իսկական եսդ նորից իմաստ է փորփրելու ու գտնելու,բայց ոչ փոփոխությանդ մեջ։Բնավ...



вторник, 4 апреля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 12

Մենք պայմանավորվեցինք,որ կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի,դասերից հետո։Իմ ուրախությունն ու շփոթմունքն ինձ խանգարեցին մտածել ու գոնե նրա հեռախոսահամարը վերցնել։Բայց ինչևէ՝ես վստահում եմ նրան։
Մինչև չորեքշաբթի ես բացարձակապես չապրեցի,ոչինչ չէր օգնում ցրվել ու ժամանակն արագ առաջ տալ։Եթե ես առաջ խնդրում էի,որ ժամանակը կանգ առնի,ապա հիմա աղերսում էի,որ օր առաջ շուտ անցնի։Ամենուր նա էր ու իր ջերմ հայացքը։
Ծանոթներս ասում էին,որ ես ինձ նման չեմ,նիհարել եկ ու էլ ավելի գեղեցկացել։Իսկապես սերը գեղեցկացնում է նույնիսկ ժայռի բերանում բուսնած մոլախոտին։Իսկ իմ սերը…իմ սերն իմ ապրելու միակ փափագն էր։
________________________________________________________

Վերջապես բաղձալի պահն էր։Զանգի հնչելուն պես ես ցատկեցի լսարանից ու խելագարի նման վազում էի հանդիպման վայր։Երբ մտա պուրակ,ուր պետք է հանդիպեինք,նկատեցի,որ քսան րոպե շուտ եմ եկել որոշված ժամանակից։
Հինգ րոպե…տաս րոպե…հանդիպման ժամանակ…ևս քսան րոպե(դե աղջիկ է,կարող է ուշանալ)…կես ժամ…մեկ ժամ(չէ,նա չկա)։Ինչու՞ պետք է գա,ես ուղղակի անծանոթ եմ,ով փչացրել է իր երկու հագուստները։Բայց նա,ախր նա խոստացել էր…Դեհ,ինչ արած,պետք է հաշտվել ու վերադառնալ տուն։Հեռախոսս զանգահարեց։Ջոնն էր.
-Հը՞ն,ախպերս,աղունիկդ եկա՞վ։
-Չէ։Ջոն,հետո կխոսենք։
-Աաա,ես ասում էի չէ՞։Ձանձրալի արարած։
-Ջոն,կատակելու տրամադրություն չունեմ,վերադառնում եմ տուն։
Վերջին բառիս հետ թփերի հակառակ կողմից անհանգիստ շնչառության ձայներ լսեցի,այնպիսին,ինչպիսին մարդն ունենում է,երբ վախենուկ կամ արտասվում է։
Որոշեցի ուշադրություն չդարձնել,ուղղակի վերադառնալ տուն,բայց…Չէ,չեմ կարող։
Քայլեցի թփի մյուս կողմը։Հեռվից նշմարվում էր փոքրիկ,քիչ ավելի մոտ երիտասարդի կազմվածք,մի քիչ էլ մոտ…Անեն է՝գլուխը գրկած ձեռքերի մեջ ու նստած խոնավ սաղարթի վրա։Լալի՞ս է,թե՞ թաքնվել է ինձնից։
-Անե՞։
Առանց գլուխը բարձրացնելու հնչեց սառը պատասխանը.
-Գնացե՛ք,խնդրում եմ։
-Անե՛,ի՞նչ է պատահել։ Ինչպե՞ս կարող եմ գնալ ու քեզ մենակ թողնել։
-Ես ի վիճակի չեմ կարամել համտեսել,ներեցեք,մեկ ուրիշ անգամ։
-Լավ,չենք համտեսի,բայց խնդրում եմ՝հանգստացեք ու պատմեք՝ի՞նչ է պատահել։
Երկար լռություն տիրեց....
-Կտանե՞ք ինձ հեռու այստեղից։
Հարցն ինձ անակնկալի բերեց։
-Ու՞ր։
-Այնտեղ,ուր ոչ ոք չկա…

понедельник, 3 апреля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 11

Ես նորից սիրահարվեցի նրան։Բաց դեղին զգեստն ու թեթև,ալեխառն մազերը,անբիծ ու պարզ ժպիտը,աչքերի հանդարտ հայացքը,նուրբ մատները…Ամեն ինչ կարծես գծագրած լիներ քանոնի օգնությամբ.ոչ մի ավելորդություն։
Նա լուռ մաքրում էր <<ավերակս>>,իսկ ես շփոթահար նայում էի նրան։Սրտիս մեջ անծանոթ զգացում կար,այնպիսին,ինչպիսին երբեք չեմ զգացել։Ձեռքիս թեթևակի հարվածներ էի զգում,բայց կատարյալ նիրվանայից դուրս գալ չէի ուզում,անտեսում էի հարվածները,մինչև սթափեցնող ձայնը <<օգնության հասավ>>։
-Ռե՜ն,միգուցե օգնես աղջկան։
Ես ավելի այլալվեցի,նման էի ամռան շոգերում հասունացած բազուկի։Ձեռքս արագ տարա գրպանս,փնտրում էի թաշկինակս,սակայն չէի գտնում։Ջոնն առաջ նետվեց,սիրալիր հանես ծոցագրպանից թաշկինակն ու պարզեց Անեին։Օրիորդը մեղմ ժպտած,թեթև շնորհակալություն հայտնեց ու սկսեց եռանդով մաքրել կուտակվածը։Ես կյանքիս մեջ առաջին անգամ ատեցի Ջոնին,որը հետագայում ինձ տանջեց օրեր ու տարիներ։
-Կներեք անփութության համար,-երկար լռությունը խախտեցի ես՝մտածելով,որ այս անգամ էլ կկորցնեմ նրան ու վտանգ կար,որ ընդմիշտ։
-Ամեն ինչ կարգին է,բոլորիս հետ էլ կարող է պատահել,մի վշտացեք։
-Բայց այս էլ երկրորդ անգամ։
-Փաստորեն <<Կարամե՞լը>>։
-Ճիշտ և ճիշտ,<<Կարամելը>>։
-Դուք երևի չեք հավանում իմ զգեստները,-ժպտալով ասաց նա։
-Չէ,ի՞նչ եք խոսում։Ընդհակառակը,կարող եմ պնդել,որ Դուք նկատելի եք ներկաներիս բոլորի մեջ,իսկ Ձեր հագուստը Ձեզ արտակարգ սազում է։
-Շնորհակալ եմ,բայց երևի հենց դրա պատճառով էլ թափեցիք ինձ վրա։
-Ոչ։Ճակատագրի թեթև ձեռքով ես դարձա կանացի շորերի <<մեղսունակը>>։Բայց եթե հնարավորություն լիներ,կշտկեի վրիպակը։
-Ամեն ինչ նորմալ է։Կյանքն առանց շտկումների էլ հոյակապ է,ճի՞շտ չեմ։
-Բայց չի կարելի թողնել առանց շտկելու։Հիշու՞մ եք՝ես Ձեզ կարամել պետք է հյուրասիրեի։Հարմար առի՞թ չէ։
Նա փոքրիկ ժպտաց ու երկար համոզումներից հետո համաձայնվեց ինձ հետ կարամել համտեսելու գնալ,բայց ոչ այսօր։
Պատկերը հետաձգվեց։Ես երջանիկ եմ…

пятница, 24 февраля 2017 г.

Լցրու բաժակս,ես հարբել եմ ուզում

Դու էլի այստեղ ես՝իմ հուշերում,իմ մեջ։Ու թե եկել ես՞նստի՛ր,ուղղակի կանգնած ես մի տեսակ ինձ անհարմար եմ զգում։Բայց դիմացս չնստես,ես վախենում են քո աչքերից ու նրանց սառնությունից։Զինվորականի համազգեստդ շատ է սազում։Դեմքդ էլ ավելի է լրջացել(կարոտել էի)։Կբողոքես,որ հուշ ես,բայց չգիտե՞ս,որ հենց հուշերին են կարոտում։Չժպտա՛ս,ես էլի կսիրահարվեմ ժպիտիդ։Տխուր եմ… Գիտե՞ս,չէ՞՝ես միայն տխրում եմ այն ժամանակ,երբ հիշում եմ քեզ հետ կապված երջանիկ հիշողությունները։Դրանք ինձ ցավեցնում են։Ոչինչ չի փոխվել։Դու էլ ես նույնը,միայն աչքերիդ սառնությունից հոգիս է մրսում։Իսկ առաջ…Առաջ նրանք միայն փայլում էին ինձ տեսնելիս,տեսնում,տեսնում էին միայն ինձ,իսկ այսօ՞ր…Այսօր էլ,վաղն էլ նրանք կսկսեն փայլել ուրիշի համար։
 Անցավ մեկ ամիս… 😞😞😞

суббота, 11 февраля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 10

Վերջապես զանգը հնչեց։Դասամիջոց ու ուսանողական ճաշարանից օգտվելու իսկական ժամանակ։Ես հոգնել եմ։Որերրորդ օրն է,որ չեմ քնում,արդեն չեմ հիշում։
-Ընկերս,սպասե՞մ,թե՞ գնամ։
-Թող ծրարս հավաքեմ,միասին կիջնենք։
-Ասում են մեր <<Լեզվաբանները>> շատ սիրուն են,ի՞նչ կասես,չիջնե՞նք հետազոտության։
-Ջոն,էլի սկսե՞ցիր։
-Դե լա՜վ,գոնե ընկերակցիր։Թե՞ Անեիդ հավատարիմ ես մնում։
-Այդպիսի բան չկա։Հիմար-հիմար մի խոսիր։
-Ուրեմն պատճառը ո՞րն է,որ չես ուզում գալ։
-Կգամ։
Ես հույսս կորցրել էի։Արդեն անցել է ուղիղ չորս ամիս,բայց այդ աղջիկը չկա ու չկա։Իսկ ես հիմարի պես սպասում եմ նրան։Միգու՞ցե ժամանակն է նրան մոռանալու։Ամեն դեպքում որոշեցի ընկերոջս հետ գնալ։
Ուսանողական ճաշարանը ինչպես միշտ լիքն էր երթուղայինների նման։Եթե ասեղ գցեիր,ասեղդ կմնար օդում։Ջոնն իր բնավորության համաձայն բոլորին հրելով առաջացավ ու քանի որ գեղեցիկ էր և՛ լեզվով,և՛ դիմագծերով ու խոհարարուհու <<ապագա փեսան>> էր,իր պատվերներն ամենաառաջինն էին ընդունվում։Իսկ սեղան զբաղեցնելը թողնվում էր ինձ,որը պատվեր ընդունելուն չէր զիջում իր դժվարությամբ։Այս անգամ էլ ազատ սեղան չկար ու ես պիտի էլի ինչ-որ մեկին <<բարեխոսեի>>՝սեղանը իըար հետ կիսելու համար։Մոտեցա առաջին սեղանին,մերժում ստացա,երկրորդին,էլի մերժում,երրորդին,չորրորդին…չէ՛,երևի այս անգամ մենք կանգնած ճաշենք։Ջոնը եկավ գազազած աչքերով։Մինչև տեղ հասնելն արդեն գիտեի՝ինչ է ասելու։Երբ տեղ հասավ,միասին կրկնեցին ու ծիծաղեցինք։
-Դե լավ,արագացրու,կեր,որ գնանք <<Լեզվականների>>մոտ։Էսօր մագնիսական դաշտս ավելի ուժեղ է։
-Ջո՞ն,այ Ջո՞ն։
-Հը՞ն,ախպերս։
-Հենց մեծացար,քեզ համար տուն եմ առնելու։
-Ուրեմն ես անտուն մնացի։
-Ինչի՞։
-Ես քեզնից շուտ եմ մեռնելու,բայց երիտասարդ։
Ջոնն իմ ամենամոտ ընկերն է։Իրար գիտենք դեռ այն իրերից,երբ ընտանիքով տեղափոխվեցին մեզ մոտ՝Քոլն։Ես նրան գտա աղբամանի մոտ լացելիս։Իսկ նրան տան ուղությամբ սպանված մարդիկ էին ու շատ արյուն։Նրա ծնողներն էին։Նրան սպանել էին Ջոնի աչքերի առաջ։Հայրը նարկոմանիայի գործով էր զբաղվում։Երևի դրա համար էլ սպանեցին։Ես այդ ժամանակ նրա պես յոթ տարեկան էի,բայց այդ պատկերն աչքերիս առջև է մինչև այսօր։Նրան տարան մանկատուն։Իսկ ես նոպաների մեջ էի։Հետո հկոմայի մեջ էի։Իսկ երբ արթնացա,առաջին բառս նրա անունն էր՝Ջոն։Ես միայն դա էի հասցրել իմանալ նրանից։
-Մամ,Ջոնն իմ կարիքն ունի,խնդրում եմ՝գտեք նրան։
Հայր ու մայրս սկսեցի որոնումները։Մեկ ամիս հետո նրան գտան մանկատներից մեկում՝փակված իր մեջ։Ասում էին,որ այսքան ժամանամ նա ոչինչ չի կերել ու ոչ մի բառ չի ասել,միայն երազում զառանցելիս երկու անուն է կրկնում՝Ժանե,Ռեն։
Ծնողներս որդեգրեցին նրան։Երբ բերեցին ինձ մոտ,նա վազելով փարվեց ինձ ու մենք երկուսով սկսեցինք լացել…հետո խաղալ,հետո կռվել,դպրոցում սովորել,հասանք մինչև համալսարան։Ծնողներս իրենց երեխայի պես սիրեցին ու ընդունեցին նրան։Աստիճանաբար անցյալում մնաց նրա մղձավանջները։Ու նա դարձավ իմ միակ եղբայր-ընկերը։
-Դե ի՞նչ,գնա՞նք։
-Բայց ես…
Ես շրջվեցի արագ,իսկ ձեռքիս հյութն ինձնից արագ։Թափվեց։Թափվեց աղջկա վրա։Ես վախից աչքերս փակել էի,սպասում էի քննադատության,բայց…լռությո՞ւն։Աղջիկ ու լռությու՞ն։Բացեցի աչքերս։Անհավանական է։Անե՞

понедельник, 6 февраля 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան Մաս 9

                              Ռենի հուշերից
                  Չորս տարի առաջ։Հանդիպում։
Ես այսօր պատահմամբ հարևան խմորեղենների խանութում մի աղջկա հանդիպեցի։Իմ պատճառով նրա նրբաոճ շրջազգեստը կեղտոտվեց։Ինչպես հասկացա,շտապում էր երեկույթի։Օ՜,Աստված իմ,ինձ այնքան մեղավոր եմ զգում։Կարամելն ուղիղ թափվեց նրա վրա,բայց,ա՜խ նա,նա ոչինչ չասաց,այլ փոխարենը ժպտաց ինձ այնքան գեղեցիկ,այնքան բնական։Ոչ ոք ինձ այդպես չէր ժպտացել երբեք։
Հուսով եմ,որ վաղը,մյուս օրը կամ երբևէ ես նորից կհանդիպեմ նրան ու կփոխհատուցեմ...իմ հոգատարությամբ...է՜,կարամելով կամ էլ մի բաժակ սուրճով։
Արդեն գիշեր է՞։Աստված իմ,իմ դասախոսությունները կիսատ մնացին։Բայց…ոչինչ,թող չլինեն…Անե Բոարդ։Անե Բոարդ։Ռեն Սեզան։Անե Բոարդ։
Արդեն իսկ սիրելի է։

Ես ամեն օր գնում է նույն քաղցրավենիքի կետը,բայց երբեք չէի կարողանում տեսնել նրան։Երբ նկարագրում էի նրան,սիրտս խփում էր առավել արագ,դեմքիս կարմիր շրջանակները մգանում էին։Ես սիրահարվում էի օրեցօր ավելի ու ավելի։
Բայց ճակատագիրը չուշացրեց մեր հանդիպումը։
Քաղցրավենիքի կետում չէր,այլ համալսարանում։Փաստորեն ուսանողուհի է

среда, 1 февраля 2017 г.

Ուշ էր

 Մի բան հասկացա,բայց արդեն ուշ էր,ուշ էր ինձ համար։Միշտ մտածել եմ,որ ժամանակս ճիշտ մարդկանց համար եմ ծախսում,բայց վերջերս ուղղակի ետ նայելով՝հասկացա,որ չէ՛,սխալվել եմ։
Սխալվել եմ այնպիսի հարցերում,որոնք ինձ համար անսխալական էին.իմ հարցերում եմ սխալվել։
Ինչքա՜ն վստահեցի,ներեցի,սպասեցի ու խենթի պես սրտիս մեջ սիրեցի նրանց,ում ի վերուստ տրված էր՝չսիրել։
Նայում եմ էլի ետ,ինչու՞,մի՞թե կեղծ էր։Բոլորը զարմանում են իմ չկարողանալու վրա,բայց չեն նկատում խնդրի մեծությունը։
Նայում եմ շուրջս։Դատարկվեց,մի պահ էր,կար ու էլ չկա։
Նայում եմ.միայն ես էի պայքարում փրկելու այն,ինչ վաղուց գոյություն չունի։
Ատե՞լ։Չէ,ես չեմ կարողանում։Ես միայն կարողանում եմ ոչինչ չզգալ,ոչինչ։
Երբեմն-երբեմն ինձ թվում է,թե օրերից մի օր ես էլ ոչինչ չեմ զգալու ու դա ինձ ցավեցնում է։
Մարդիկ չգնահատեցին այն,ինչ ես էի նրանց համար անում,բայց միշտ շեշտում են՝գնահատի՛ր իմը։
Իմ ընթերցող,երբեք չչարանաս,նույնիսկ եթե թվա,թե ամեն ինչ վերջացած է քեզ համար,չչարանաս։
Երկրագունդը կլոր է,էլի հայտնվելու ես երջանկության դարավադներում,էլի մենակության դուռն ես թակելու,միգուցեև սիրես ու չսիրվես,բայց չչարանաս։Մի կորցրու այն արժանիքդ,որի համար քեզ գնահատում ու սիրում են կամ էլ ուղղակի տարբերվում ես տապանաքարային մասսայից։
Ուշադիր նայել ե՞ս ճանապարհի եզերքին։Ես միշտ մարդուն նրա հետ եմ համեմատում.գարնանը պատված է ծաղիկներով,հազար ու մի գույներով,հենց գալիս է ամառը,ահա,այրվում է իր գեղեցկության ճիրաններում,աշնանը՝ստանում նոր,յուրահատուկ գույներ,իսկ ձմռանը…ի՞նչ է լինում ձմռանը.ամեն ինչ պատված է սպիտակով։
Երբ գալիս է գարունը,մենք սկսում ենք ապրել,շնչել ու սիրել։Սիրել կամենում են նաև նրանք,ովքեր մինչ այդ տեսել էին<<տեղատարափ անձրևներ>>,<<հզոր կարկուտներ>> ու <<սպիտակ ձյուներ>>։
Ամառ է,իսկ մեր հոգին ճախրում է՝չգիտես էլ՝ուր,չգիտես էլ՝ինչպես։Մեզ այցելում է սիրահարության խորությունը.ապրելու պապակն ու փափագը։Ու սրտերին հանկարծ իջնում է աշուն։
Աշուն է,շուրջդ ոչ ոք չկա։Կա միայն միայնությունն ու տառապանքը,հուշեր,որոնք աքցանով ու բահով անգամ չես կարող տեղաշարժել,թմրել են ու մնացել կոկորդիդ։Ամեն քար ու թուփ,ամեն արահետ քեզ մի բան են հուշում.նրանք հիշեցնում են այն օրերը,որտեղ շատ բան էիր պահ տվել։Ու սկսում է էտապային մի դառը շրջան.մոռացում։
Եկավ ձմեռը։Տաք թեյն ու վառարանային վառ կրակը հուշում են,որ ժամանակն է մտորելու,իմի բերելու այն,ինչ կատարվել է քեզ հետ՝հաճախ որոշ դրվագներ անցնելով կամ էլ ուղղակի պահելով հետագա մտորման համար։Մրսում ես ու դրան չի օգնի ոչ մի հաստ բաճկոն,ոչ էլ վերջին ժամանակների ամենատաք վերարկուն,չի փրկի նույնիսկ տաք թեյն ու վառարանային կրակը։Ներսումդ քամի է,չնայած դրսում մարմանդ տեղում է ձյունը՝մաքրելով ու թաղելով մոռացումիդ թփերն ու արահետները,իսկ ներսիդ ցրտությունը հուշում է,որ դատարկվում ես,դատարկվում ես փողոցների նման,որոնք ձմռանը դժվարանցանելի կամ անանցանելի են։Տիրեց միայնություն ու որքան էլ փորձես լցնել ջերմությամբ ու նորությամբ,չի լցվելու երբեք։Նման է նոր առած հեռուստացույցի.պատկերն ուրիշ է,ալիքները՝նույնը։Մարդու կյանքն էլ հեռակառավարման վահանակ է,փոփոխվում է,բայց չի փոխում բնույթը։
Ամեն ինչ մոռանում ենք միայնության ու դատարկության մեջ ու չենք հիշելու այս միայնությունը,ուղղակի դատարկվում ենք։
Տված խոստումներն էլ մի օր վերջաբան են ունենալու,որովհետև դատարկված են,ազատված են կատարվելուց։Մենք դատարկում ենք այն,ինչը երբեք չէինք ցանկանա դատարկել ու նկատում ենք մի օրինաչափություն.կրկնություն է։
Իսկ արահետների բուսնած մոլախոտերն ու երփներանգ ծաղիկները գիտեին դա շատ վաղուց,նրանց սերմերի բերանի աղոթքն է դա,իսկ մարդը գիտե՞ք՝ի՞նչ է աղոթում։Ասեմ.
-Աստված իմ,խնդրում եմ,թող երբեք ուշ չլինի.
Իսկ ինձ համար ուշ է,նոր եմ հասկացել

понедельник, 30 января 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան։ Մաս 8

-Անե՛,հանգստացիր,լուրջ բան չկա։Աղինքի պատի վրա ավելցուկ ենք գտել,դրա պատճառով ես այսքան ժամանակ ջերմության ու ապրումների մեջ եղել։
 Բժկուհու ասածներին ես այնքան էլ չհավատացի,որովհետև գիտեի և՛ ջերմությանս պատճառը,և՛ ապրումներիս առիթները։Մնում էր միայն համակերպվել ներկայիս դրությանս հետ ու շարժվել դեպի սայլակը՝վիրահատության։
 -Անե՛,ամեն ինչ վերջացած է։Չե՞ս հասկանում։
Ես էլի արթնացա տագնապով՝ամբողջությամբ քրտինքի մեջ կորած,իսկ մթությունն ու տարօրինակ շնչառությունը հուշում էին,որ երազ էր,իսկ ես սենյակում մենակ չեմ։Ռենն էր։Նա քնել էր անկողնուս մոտ,իսկ ձեռքը մատներս կլանել էր իր մեջ ամու՜ր-ամու՜ր։
Չէի ուզում արթացնել,բայց նա,ինչպես հին ու բարի ժամանակներում,զգաց <<իմ շարժն>> ու արագ արթնացավ։
-Ցավեր ունե՞ս,կանչե՞մ բժշկին։Մեկ րոպե սպասիր,-արագ շտապեց դեպի դուռը՝առանց իմ պատասխանը լսելու։
-Կանգնի՛ր,Ռե՛ն,ամեն ինչ կարգին է։
-Համոզված ե՞ս։
-Այո՛։
-Շատ ուրախ եմ։Միգուցե զրուցե՞նք։
-Խոսելու բան բնավ չունենք։
-Անե՛,ես շատ բան ունեմ քեզ ասելու։
-Բայց ես չեմ ուզում լսել։
-Նույնիսկ չե՞ս ուզում հասկանալ՝ինչու՞ գնացի։
-Նույնիսկ դա։Ուրեմն այդպես էր նախատեսված.լինել իրարից հեռու։Իսկ գնացողներից բացատրություն պետք չէ պահանջել։Եթե հասել է գնալուն,ուրեմն այդպես էլ պետք է լիներ։
-Բայց ոչ մեր դեպքում։
-Իսկ ի՞նչ էր մեր դեպքը։
-Եթե ես չգնայի…
-Ամեն ինչ այլ կերպ կլիներ։Բայց դու գնացիր։
-Չէ՛,եթե  չգնայի,չէիր լինի այն,չէի լինի այն,ինչ կանք։
-Ինչ սարքել ենք։
-Ես դա արել եմ քեզ համար։
-Ես քեզնից տառապանք ու արցունքներ չէի խնդրել։
-Բայց խնդրել էիր քեզ երջանկացնել։Իսկ ես դա չէի կարող։
-Քո ներկայությունն ինձ համար արդեն երջանկությսւն էր։
-Բայց երջանկություն չէր ծնողներիդ համար։
-Ի՞նչ կապ ունեն ծնողներս։Քեզ արդարացնելու համար արդեն ծնողներիս ե՞ս խառնում գործիդ։
-Չէ՛,ես իրականությունն եմ ասում։
-Իրականություն,որը գոյություն չունի։
-Ունի։Հայրդ չէր ուզում քեզ մարդասպանի կողքին տեսնել։
-Ի՞նչ ես խոսում։


            Հետդարձ չորս տարի առաջ…

четверг, 26 января 2017 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան։

-Անե՛,լսում ե՞ս,ես գնում եմ։Սե՞ր։Ասում ե՞ս՝սե՞ր(ծիծաղում է)։Ես երբեք էլ քեզ չեմ սիրել։Թո՛ղ ձեռքս։Ամեն ինչ վերջացած է։Չե՞ս հասկանում։Ամեն ինչ վերջացած է։Դադարի՛ր վերջապես ինձ նամակներ գրել։Ես ուրիշին եմ սիրում։Ո՞նց կարողացա։Շատ սովորական։Ինչպես բոլորը,ես էլ սիրեցի։Մի լացիր,մեկ է,ոչինչ չես փոխելու։Նվե՞րս։Պահի՛ր քեզ,ինձ այն հարկավոր չէ։Արդեն ամեն ինչ շատ երկարեց։Հանդիպումներ էլ չփնտրես։Մնաս բարյավ։
Զգում եմ,անտանելի գլխացավ եմ զգում։Հոգնած կոպերս կարծես սոսնձվել էին միմյանց։Ահա՛,ահա՛ լույսի մի փոքրիկ նշույլ,մի քիչ էլ,դե՛,դու կարող ես,մի քիչ էլ…սպիտակ երկի՞նք։Մշուշված է ամեն ինչ։Կարծես կողքիս տոննաներով ծխախոտ են <<ներս ու դուրս արել>>։Վերջապես։Որտե՞ղ եմ ես։Ի՞նչ է պատահել։Մի ծանրություն ձեռքս կարծես գամել է հատակին։Մատներս ճմլվել են։Չե՞մ կարողանալու ազատվել։Բացում եմ աչքերս։Ձեռքս էլ կարողացա շարժել,մնաց հասկանամ սպիտակ երկնքի որպիսիությունը,ձեռքիս ծանրության ու գլխացավիս պատճառները։Ձգվեցի,որ նստեմ տեղում։Ո՞վ է այս տղամարդը։Ինչու՞ եմ ես այստեղ պառկած։
Գլուխս պտտվում է։
-Ջուր,ջուր եմ ուզում։
-Անե՛,արթնացել ե՞ս։Փառք Աստծո։
-Ռե՞ն,ի՞նչ ես անում այստեղ,բա՛ց թող ձեռքս։Որտե՞ղ եմ ես։Ու՞ր են մնացածները։Ես հիմա հանդիպման պետք է լինեի։Այսօր պիտի իմ տեղափոխվելու հարցը որոշվեր,իսկ ես պառկել եմ։Ի՞նչ ես այդպես նայում։Միգո՞ւցե խոսես։Քո անորոշ հայացքն ինձ ավելի է նյարդայնացնում։Դե խոսի՛ր վերջապես։
Վերջին խոսքերի հետ Ռենը փաթաթվեց ինձ ամուր-ամուր։Նրա այս ջերմությունը,այս հարազատ ջերմությունը,որքա՜ն էի երազել կորչել,վառվել այս ջերմության մեջ,ԱՆԷանալ։Նրա այտն իմ այտին էր կպչել,ինչպես այն օրը,երբ արտասվալից աղերսում էի նրան չլքել ինձ։Այսօր էլ իմ աչքերից արցունքներ էին սկսել հորդալ ու միայն այն պատճառով,որ տեսել եմ նրան՝իմ երջանկությանն ու միևնույն ժամանակ՝ իմ ցավին։Ներսիցս մի ինչ-որ ձայն էր գալիս,աղավաղված պատկերներ էին աչքերիս առաջ,իսկ ականջներումս անդադար հնչում էր.
-Չե՞ս հասկանում՝ես ուրիշին եմ սիրում։Ամեն ինչ վեջացած է։Թո՛ղ ձեռքս,թո՛ղ։
Ու չգիտե՞մ՝այդ ձայների ազդեցությամբ ես սկսեցի բղավել.
-Թո՛ղ ինձ։Չե՞ս հասկանում՝ամեն ինչ վերջացած է։Ինչու՞ ես նորից եկել։Ես քեզ չեմ սպասում ու չեմ սպաել,ես մոռացել եմ՝ի՞նչ է սպասելը։Հասկացի՛ր՝կոտրված ծաղկամանի մեջ ոչ ոք այլևս ծաղիկներ չի աճեցնում։Հերիք է։Դե բա՛ց թող ինձ։
-Անե՛,հանգստացիր,վերջ,ամեն ինչ կարգին է։Ես այստեղ եմ,վերջ։
Արցունքներս թրջել էին նրա վերնաշապիկը,որն ինչպես միշտ կոկիկ էր ու բուրում էր հաճելի օծանելիքի բույրով։Միշտ էլ սիրել եմ նրա օծանելիքի բույրերը։Նրանք միշտ հաճելի էին ու կարծես ինչ-որ բանով նման։Այսօր էլի ինչ-որ ծանոթ բան արթնացրեց նրա  օծանելիքի սուր բույրն ինձ մոտ։Հիշեցի.երբ մենք միասին հաճախում էինք երրորդ դասարան,մի անգամ ես նրան սուր հոտով օծանելիք նվիրեցի՝ոչ շատ թանկանոց,բայց ոչ բոլորին հասանելի։Այնքան էլ հայտնի բրենդ չէր,բայց տղաների շրջանում շատ սիրելի(եղբայրս էր այդպես ասել)։Նա նվերս ուրախությամբ ընդունել էր ու միշտ իր հետ էր պահում՝պայուսակի ետնագրպաններից վերջինում։Մի անգամ պատահաբար տղաներից մեկը նրա պայուսակը գցեց գետնին ու օծանելիքի շիշը ջարդվեց։Սուր հոտը տարածվեց ամբողջ դասարանում,որն էլ ուսուցիչների ու աշակերտների մոտ գլխացավ առաջացրեց,որի պատճառով մեզ ազատեցին դասերից,իսկ Ռենը խիստ նկատողություն ստացավ դպրոցում այդպիսի իրեր իր հետ ունենալու համար։Նա շատ լավ էր սովորում,իսկ ուսուցչի կշտամբանքը նրան հասցրեց լացի։Մենք դպրոցի մոտ գտնվող փոքրիկ պուրակում մնացինք ուղիղ երկուսուկես ժամ ու նա այդ երկուսուկես ժամվա երկու ժամը լաց էր լինում,իսկ մնացած կես ժամը հոգոց հանում։Ես ինձ այնքան մեղավոր էի զգում,որ երդվեցի,որ էլ նրա համար օծանելիք չեմ գնելու,այն էլ սուր հոտով։
Ես դադարել էի լացել,հանգստացել էի,երբ վերջապես Ռենն արձակեց ինձ իր գրկից։Նայում էր աչքերիս մեջ այն երեխայական,այն կապույտ օրերի գեղեցիկ հայացքով,որտեղ ամփոփված էր և՛ սեր,և՛ հոգատարություն,նաև մի քիչ էլ ծաղր։Շփոթվեցի։Միշտ էլ այդպես է եղել։Նրա երկար նայելուց ես գլուխս կորցնում էի,որովհետև կանաչ աչքերն ինձ կորցնում էին իրենց մեջ ու ես անհետանում էի իրականությունից,սկսում երազել։Միշտ մտածել եմ,որ այդ ժամանակ ես ապուշի տպավորություն եմ թողնում,բայց արի ու տես,որ նա սիրում էր,երբ ես նայում էի ուղիղ իր աչքերին։
-Իմ փոքրիկ,դու չես փոխվել,չես փոխվել ոչնչով,միայն դեմքդ ավելի է գեղեցկացել։Կարոտել էի քեզ։
Երկար էի սպասել այս երեք  բառին։Կարոտել եմ քեզ։Բառեր,որոնք մենք հաճախ ենք ցանկանում ասել,բայց չենք կարողանում,որովհետև նրանց,ում պետք է ուղղենք,արդեն չեն սպասում ո՛չ մեր բառերին,ո՛չ էլ մեզ։
Կարոտել եմ քեզ։Իսկ ե՞րբ է մարդը սկսում կարոտել։Երևի այն ժամանակ,երբ հասկանում է,որ կորցնում կամ կորչում է։Սիրում եմ,կարոտում եմ.բառեր,որոնք միշտ երազել ենք,որ ընդհանրացնեն այն,ինչ այդ պահին ներսումդ է,քո սրտի մեջ ծվարած,որը սպասում է պատասխանի։Իսկ ինձ միշտ մի հարց է տանջել.արդյո՞ք կարող են բառերն ամբողջական պատկերացում կազմել նրա մասին,ինչ կատարվում է քեզ հետ։Միշտ հանգել եմ հետևյալին՝ո՛չ,չե՛ն կարող։Միգուցե հասկացնես ասելիքդ,բայց ասել հասկացածդ բնավ չես կարող։
Ռենը փորձում էր խոսել,երբ հանկարծ բժիշկը մտավ սենյակ ու ասաց,որ պատրաստվեմ,տաս րոպեից վիրահատությունը կսկսվի։Անորոշությամբ նայում էի Ռենին։Ի՞նչ վիրահատություն։Ես հիվանդ ե՞մ։Ախր ես պարտադիր գնում եմ բժշկական ստուգումների։Ի՞նչ է պատահել ինձ…

среда, 4 января 2017 г.

Նա ինձ սովորեցրեց սիրել անձրևը...
Մի ակնթարթ ու երջանկության կամարը կարող է կառուցվել ու քանդվել,կարող է երկար-երկա՜ր մնալ կանգուն ու մի քամուց բեկոր առ բեկոր աչքերիդ առաջ հավասարվել գետնին։Պատահում է նաև,որ հաճախ ինքդ ես դառնում կործանարար քամին կամ էլ երջանկության կամարը,որն ուղղակի փշրվեց։
Դառն է մարդկային հոգին,հատկապես,երբ կեղծ են նրա շինածն ու անվերականգնելի երջանկության կամարները։
Երբեմն նրանք,ովքեր մեզ հետ,կողք կողքի կառուցում են,օգնում են նաև այն ավերել։
Շինեցի ու քանդեցի քեզ հետ,քո միջոցով։
Նայի՛ր՝ոչինչ չկա։Փնտրում եմ,ավերակների մոտ փնտրում եմ քեզ,բայց գտնում եմ մի ստվերախիտ սենյակ,մենակություն,գետնին գլորված դատարկ օղու շիշ,կիսապատառ նկարդ ու ինձ։
Մութ է,իսկ մութն ավելի է խամրվում իմ միջոցով։Հոգուս գույնն է,որն նման է երբևէ իմ առջև թափված աչքերիդ ներկին,որն ամբողջությամբ շրջանակներ էր գծում աչքերիդ տակ ու ես դրանից ինձ ավելի մեղավոր էի զգում։Ամիսների հետ այդ շրջանակներն անհետացան,փոխվեցին հարազատ աչքերն ու այն քաղցր լեզուն,որն ինձ սովորեցրել էր սիրել անձրևը։Միգուցե հենց այդ լեզուն,այդ հարազատ աչքերն ու սևսաթ ներկերն էին պատճառը մեր բաժանման։
Շրջում եմ օղու շիշը։Խնդրում եմ՝մի գրամ էլ,մի գրամ էլ ու վերջ։Չկա,ոչինչ չկա։Շիշն էլ է բնազդացել հոգուս նման՝դատարկվել է։Գոռում եմ՝մի շիշ էլ։Գոռում եմ՝լսող չկա։Հիշում եմ՝ես մենակ եմ ապրում,իսկ օղու շշերը վերջացել են,վերջինին հիմա ձեռերիս մեջ բռնած ունեմ կռապաշտի մատաղի դանակի նման։
Վեր եմ կենում,գնում դեպի պատուհանը։Անիծված,դրսում էլ է մութ։Փողոցի լույսերը ճառագում են պատուհանիս քով ու հայելու մեջ նշմարում դեմքս։Ծերանում եմ։Ինձ ծերացրեց նրա «գնում եմ»-ը  ու իմ «կանգնի՛ր» չասելը։Նրա աչքերի սև ներկերն այսօր իմ աչքերի տակ են դրոշմված,իսկ նրա աչքերից արդեն մաքրվել ու գծվել են ուրիշի համար,կթափվեն էլ ուրիշի համար՝ինչու՞ չէ։Ամուսնանում է։Հասկանում ե՞ք՝ամուսնանում է։
Նա իմն էր ու էլ իմը չէ։Շշմելու բան է։
Վերցնում եմ շիշը։Թրը՜խկ։Ջարդվեց պատուհանը։Տաք հեղուկը հոսում է մատներիս վրայով։Ինչու՞,Տեր,ինչու՞։ Արդյո՞ք ավարտվեց ամեն բան։Նայում եմ ջարդված պատուհանին.ինչքա՜ն կոկիկ է նույնիսկ այս վիճակում,ոչ մի ավելորդ բեկոր՝նրա հոգու պես.ջարդեցի,բայց էլի կոկիկ էր,չկոտրվեց ու չմասնատվեց,պայքարեց երջանիկ լինելու համար։
Նա էլ է՞ այսպես տանջվել։Մրսում եմ,իսկ դրսում անձրև է սկսվել։Հագա բաճկոնս։Ժամանակն է։Դուրս վազեցի տնից կալանավայրից ցմահ բանտարկություն ստացածի ազատ արձակվելու արագությամբ։Տան օդը ճնշում էր,իսկ այստեղ ազատ եմ։Կա՜թ,կաթկա՜թ,կա՜թ.լցվում են դեմքիս անձրևի կաթիլները։Առաջ կջղայնանայի,կհանեի անձրևանոցս կամ բաճկոնս ու կվազեի տուն,իսկ հիմա…Կաթիլները թափվում են դեմքիս ու կրկնապատկված դառնում գետնին։Անձրևն ու արցունքներս մրցավազքի մեջ են։Եթե լինեի Սևանում,լճի մակարդակը կտրուկ կտեղաշարժվեր։
Հանել եմ բաճկոնս՝ոչ գլխիս գցելու նպատակով,այլ ներսիս խարույկը հրդեհվելու վտանգից փրկելու համար։Անձրևը գալիս է,բայց…որտե՞ղ է Նա։Չէ որ երդվել էր՝ամեն անձրևի կողքիս լինել։Խաբեբա է…եմ.ես էլ խոստացել էի երբեք չլքել ու չթողնել,որ գնա։Ո՞ւր է Նա։Թողել եմ՝գնա։
Այսօր Նա երդվեց անկեղծ ու հավաստի խոսքով՝մինչև մահը մեզ չբաժանի։
Դադարում եմ թրջվել…դադարում եմ որոնել նրան…դադարում եմ հիշել…գնում եմ՝Աստված գիտի՝ու՞ր։
Գտնում եմ,մայթի եզրին մի փոքրիկ ձագուկի եմ գտնում(ինձ նման է՝միայնակ,լքված),գրկում եմ,քայլում եմ դեպի հորիզոն…ԱՆԷ-անում  եմ։

воскресенье, 1 января 2017 г.

Կլինի նորից հանդիպում,
Կտեսնեմ աչքերդ սիրած,
Բայց նրանց մեջ էլ չեմ գտնի
Իմ սերը սրտումս պահած։

Կլինի տխուր հանդիպում,
Բայց երեսից շատ-շատ ուրախ,
Կտեսնեմ քեզ էլի կողքիս,
Բայց ցավոք արդեն մեռած։

Կնայեմ քեզ ու ոչինչ չեմ տեսնի
Իմ սիրելի,ծանոթ աչքերում,
Ամեն ինչ երազ կլինի,
Միայն մենք՝ներկայիս էջերում։

Միգուցե և գավաթ բարձրացնենք,
Իրար մաղթենք «երազանքների կատարում»,
Բայց գավաթը ձեռներիս՝կլռենք՝
Հիշելով այդ երազները անհուն։

Կկանգնեմ,կնայեմ քեզ մոլոր,
Արդեն չսիրող մարդու աչքերով,
Կփորձեմ հասկանալ ինչով
Գերեցիր սիրտս մտամոլոր։

Տխուր եմ,այո՛,տխուր եմ քեզ համար,
Տխուր եմ մեր չեղած սիրո համար,
Ուրախ եմ,ուրախ եմ քեզ համար,
Ուրախ եմ մեր չերկարաձգված սիրո համար։